Անդրադառնալով դատական գործերի քննության ժամկետներին, նա նշեց. «Երբ խոսում ենք ժամկետների խնդրի մասին, միշտ բարձրաձայնում ենք օբյեկտիվ խնդիրներ, որոնք այո իրապես առկա են, բայց կառավարություն–դատական համակարգ այդ երկխոսությունն է, որ մեզ բերում է այն ցանկալի արդյունքին, որը որոշ դեպքերում կա նաև հիմա։
Դուք ասում եք, որ մեզ արագ գործելու համար անհրաժեշտ են պարզեցված ընթացակարգեր, գրավոր ընթացակարգեր, մենք, որպես կառավարություն, ասում ենք՝ շատ լավ, մենք կնախաձեռնենք փոփոխություններ, որոնք ձեզ կտան պարզեցված և արագացված կարգով քննել գործերը։
Բայց խնդիրները շարունակում են դեռ մնալ ակտուալ, և ես ունեմ համոզմունք, որ խնդիրների մեծ մասը ոչ թե օբյեկտիվ են, այլ սուբյեկտիվ։ Այս պատկերը մենք տեսնում ենք նաև մեզ ուղղված դիմում բողոքներում։ Մենք տեսնում ենք իրավիճակներ, երբ դատավորը կարող է յոթ տարի շարունակ քննել զրպարտության վերաբերյալ պարզունակ գործ և մեկ տարի չհրապարակել դատական ակտը։ Մենք կարող ենք տեսնել, որ օրերի ընթացքում հայեցադիմումը վարույթ ընդունելու որոշում կայացնելու փոխարեն դատավորը կարող է սպասել ամիսներ։ Կամ մենք տեսնում ենք, որ անձը կալանքի տակ կարող է մնալ հինգ և ավել տարի։
Եթե այս հարցերը սուբյեկտիվ են, ապա յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է հանգեցնեն կարգապահական պատասխանատվության, և որոշ դեպքերում հանգեցնում են։ Մենք ունենք մի արդեն պրակտիկա, որ կարգապահական վարույթների ընթացքում այն դատավորները, որոնք զգում կամ կանխատեսում են հանգուցալուծումը հնարավոր լիազորությունների դադարեցման տեսքով, սեփական դիմումի համաձայն դուրս են գալիս համակարգից։
Դա վատ, վատ է քաղաքացու տեսանկյունից, ում աչքերում այդ դատավորը այդպես էլ չի արժանանում համապատասխան պատասխանատվության, բայց լավ է այն տեսանկյունից, որ դատական համակարգը մաքրվում է և իրապես մաքրվում է։ Ես ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ մեզ պետք չեն դատավորներ, որոնք յոթ տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր։
Այս առումով մենք պետք է ունենանք գործիքակազմեր, որոնք դիմում գրելուց հետո հնարավորություն չեն տա նույն դատավորներին համալրել դատավորների շարքերը ապագայում»,–ասաց Գալյանը։