Այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12:10-ի սահմաններում «DONGFENG» մակնիշի՝ ավազով բարձված բեռնատարը Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Ելփին բնակավայրի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարներից մոտ 1.5 ժամ է պահանջվել, մինչև ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Այդ ընթացքում էլ շտապօգնության բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։