Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի հետ մտնել սպառազինության մրցավազքի մեջ, սակայն դա չի նշանակում, որ երկիրը կդադարեցնի զենք-զինամթերքի և ռազմական տեխնիկայի գնումը կամ բանակի արդիականացումը։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նախարարի խոսքով՝ սպառազինության մրցավազքից հրաժարվելը Կառավարության հստակ դիրքորոշումն է։
Միաժամանակ Պապիկյանն ընդգծեց, որ դա որևէ կերպ չի նշանակում պաշտպանական կարողությունների զարգացումից հրաժարում։ Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է իրականացնել սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ, ինչպես նաև բանակի արդիականացման գործընթացը։ Նախարարը հիշեցրեց, որ այս ուղղությամբ արդեն հրապարակվել են խոսուն թվեր, որոնք, ըստ նրա, դրա վառ վկայությունն են։