Ադրբեջանից ներմուծվում է հիմնականում պրեմիում տեսակի բենզին, և այսօրվա դրությամբ ՀՀ-ում դրա նվազագույն գինը նվազել է 15 տոկոսով, ասել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է՝ պետք է ընդունել, որ այս ընթացքում Ադրբեջանում էլ, Հայաստանում էլ քննադատություն կա. «Հայաստանում ասում են, որ բենզին եք գնում և փողերն ուղարկում եք Ադրբեջան, որպեսզի նրանք այդ փողերով հարձակվեն Հայաստանի վրա, Ադրբեջանում էլ ասում են՝ բենզինը և դիզվառելիքը ուղարկում եք Հայաստան, որ նրանք իրենց տանկերը և զինտեխնիկան լիցքավորեն և հարձակվեն Ադրբեջանի վրա։ Պետք է արձանագրել, որ երկու մտահոգությունն էլ տեղին չեն, որովհետև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված, այդ խաղաղությունը գնալով կդառնա ավելի ու ավելի ինստիտուցիոնալ, և այդ մտահոգությունները պարզապես տեղ չունեն»,- ընդգծել է վարչապետը։
Նա նաև հավելել է, որ նման մտայնությունները գոնե Հայաստանում հրահրում և քաջալերում են այն ընկերությունները և շրջանակները, որոնք նաև դրսի իրենց գործընկերների աջակցությամբ երկար տարիներ բենզինի շուկայում մենաշնորհ են ունեցել. «Եվ նրանք հիմա ստիպված են լինելու իջեցնել գները, ինչից տուժելու են, ենթադրում եմ, այդ մոնոպոլիաները, որոնք փաստացի և վերջնականապես վերանալու են, ինչից օգտվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Սա խաղաղություն է, և մենք պետք է խաղաղության մեջ ապրելուն սովորենք և խաղաղության օգուտների հետ հարաբերվելուն նույնպես սովորենք, ինչը, ուրախությամբ եմ արձանագրում, որ Հայաստանի Հանրապետությունն անում է»,- եզրափակել է Փաշինյանը։