Հետևեք մեզ։

ՆԳ նախարարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

15:07, 14 հունվար 2026
ՆԳ նախարարը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է Հայաստանում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
Նախարար Սարգսյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
 
Արփինե Սարգսյանը ներկայացրել է վիզաների ազատականացման, բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Թվայնացումը դիտարկելով որպես պետական առաջնահերթություն՝ նախարարն անդրադարձել է դրա փուլային իրագործմանն ուղղված ռազմավարական քայլերին, որոնք միտված են մատուցվող ծառայությունների որակի և հասանելիության բարձրացմանը։
 
Դեսպանն իր հերթին բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը՝ նշելով, որ միջոցառումներ են ձեռնարկվում Հայաստանում Էստոնիայի դեսպանություն բացելու ուղղությամբ:
 
Կողմերը վերահաստատել են համագործակցության պատրաստակամությունը՝ կարևորելով փորձի փոխանակման նպատակով երկկողմ այցերի անհրաժեշտությունը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները