Հնդկաստանի դեսպանատունն իր քաղաքացիներին հանձնարարել է լքել Իրանը տրանսպորտային բոլոր հասանելի միջոցներով, ներառյալ առևտրային չվերթները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանում Հնդկաստանի դեսպանատունը X սոցիալական հարթակում:
«Նկատի ունենալով Իրանում ստեղծված իրադրությունը՝ ներկայում Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին (ուսանողներին, ուխտավորներին, գործարարներին և զբոսաշրջիկներին) հանձնարարվում է լքել Իրանը բոլոր հասանելի տրանսպորտային միջոցներով, ներառյալ առևտրային չվերթները», - ասվում է X սոցցանցում զետեղված դեսպանատան հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական ներկայացուցչությունում նշել են, որ Հնդկաստանի բոլոր քաղաքացիները և հնդկական ծագում ունեցող անձինք պետք է զգուշություն դրսևորեն, խուսափեն բողոքների կամ ցույցերի անցկացման վայրերից, կապ պահպանեն Իրանում Հնդկաստանի դեսպանատան հետ և հետևեն տեղական զանգվածային լրատվամիջոցներին՝ իրադրության ցանկացած փոփոխության դեպքում։
Ավելի վաղ ԱՄՆ-ն նույնպես իր քաղաքացիներին կոչ էր արել հեռանալ Իրանից։