«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արդեն շուրջ 7 ամիս շրջափակված Արցախի 120 հազար բնակչությունը հունիսի 15ից զրկված է որևէ մատակարարման ու տեղաշարժի հնարավորությունից, քանի որ Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով։ Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Փաստի» հետ զրույցում հայտնել է ծայրահեղ իրավիճակի մասին՝ միևնույն ժամանակ շեշտելով արցախահայության անկոտրում լինելու մասին։
«Վերջին երեք տարվա ընթացքում նման իրավիճակներում հաճախ ենք հայտնվում, և ես ամեն անգամ հիանում ու զարմանում եմ Արցախի ժողովրդի հերոսական պահվածքով։ Իրականում սա պատերազմ է, որտեղ Արցախի ժողովուրդն իրեն հերոսաբար ու արժանապատիվ է պահում։ Նման իրավիճակներում առաջին 1-2 օրը մի փոքր խուճապային է լինում, բայց հիմա խուճապ ընդհանրապես չկա։ Ձեզ հետ զրույցից առաջ ես շրջում էի փողոցներով, զրուցում մարդկանց հետ։ Որևէ մեկին խեղճացած, ընկճված, տխուր չեք տեսնի։ Իհարկե, մտահոգ են, լարվածությունը կա, բայց խուճապ չկա։ Մեկը մյուսին հույս է տալիս՝ ասելով, որ 90-ականներին 3-4 տարի շարունակ շատ ավելի վատ իրավիճակում ենք եղել այն իմաստով, որ հիմա գոյի պայքարը տանելու հնարավորություններն ավելի շատ են»,-նշել է պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանն, ամեն դեպքում, իրավիճակը ծայրահեղ է բնութագրում։ «Հունիսի 15-ից սկսած հումանիտար բեռների ներկրում չկա, նաև Կարմիր խաչի առաքելությունն է դադարեցված։ Բացի այդ, արդեն հարյուրավոր հիվանդներ Արցախից մեկնելու հրատապ կարիք ունեն, քանի որ այստեղ հնարավոր չէ իրենց բավարար բուժօգնություն ցուցաբերել։ Առավել ևս, որ պլանային վիրահատությունները կրկին դադարեցված են, հիմա նաև դեղերի խնդիր ունենք, սպառվում են մանկական կերը, հիգիենայի պարագաները։ Էլ չենք խոսում միրգ-բանջարեղենի մասին. եղանակային պայմանների պատճառով զրոյացել են նաև գյուղատնտեսական առումով բարվոք վիճակ ունենալու հույսերը։ Կարկուտն ամեն ինչ վերացրել է։
Սննդի առումով ծայրահեղ իրավիճակում ենք, բայց ժողովրդի հերոսական ու արժանապատիվ պահվածքով մենք կարողանում ենք դիմակայել»,-ասաց նա՝ հայտնելով, որ այս շրջանում Ստեփանակերտում քայլելով են տեղաշարժվում:
«Շատ եզակի, մեկ-երկու մեքենա կարող ենք տեսնել, որոնք իրենց պահեստավորված բենզինն են օգտագործում։ Նույնիսկ կտրոնով այլևս որևէ մեկին բենզին չի տրամադրվում։ Այս տեսանկյունից շրջանների ու մայրաքաղաքի հետ կապի խնդիր կա, իսկ Շուշիի շրջանի 4 գյուղեր լիակատար շրջափակման մեջ են՝ ո՛չ Հայաստանի Հանրապետությունից, ո՛չ էլ Ստեփանակերտից մատակարարման հնարավորություն չկա»,-հայտնեց պատգամավորը։
Մետաքսե Հակոբյանի համոզմամբ, միամտություն է նստել ու սպասել, որ միջազգային հանրությունն ինչ-որ քայլեր պետք է անի։ «Անիմաստ է նաև դժգոհել միջազգային հանրությունից, քանի որ իրենք ընկալելու և վերցնելու են այն, ինչ իրենց տալու են։ Այսինքն, բանակցային գործընթացի այն ուղղությունը, որը ներկայացվելու է միջազգային հանրությանը։ Լինի Ռուսաստանի Դաշնությունը, հավաքական Արևմուտքը, բանակցային սեղանին դնում ես այն, ինչը քո շահից է բխում։ Ցավոք, մենք վաղուց Հայաստանում չունենք իշխանություն, որը միջազգային հարթակներում ներկայացնում է երկրի շահը։ Իրենք միանշանակ ու վերջին շրջանում ավելի ակնհայտորեն ներկայացնում են Ադրբեջանի շահը։ Եվ ստացվում է, որ հայկական աշխարհը միջազգային հարթակներում այս իշխանությունների ձեռամբ որպես Ադրբեջանի շահը սպասարկող է ներկայացվում։ Իսկ Ադրբեջանի շահն ակնհայտ է, որը նաև Թուրքիայի շահն է։ Առհասարակ, յուրաքանչյուրն այս տարածաշրջանում տարբեր շահեր ունի՝ սկսած Արևմուտքից, ՌԴ-ից, վերջացրած Ադրբեջանով և Թուրքիայով։ Արևմուտքի շահը, մեծ հաշվով, մեկն է՝ Ռուսաստանի դուրսբերում այս տարածաշրջանից, որովհետև տասնամյակներ շարունակ Արևմուտքը չուներ այդ հնարավորությունները։ Այդ ընթացքում Հայաստանում եղել են իշխանություններ, որոնց քաղաքական վեկտորը դեպի Ռուսաստան էր ուղղված»,-ասաց նա՝ ընդգծելով, որ արդեն հինգ տարի է՝ այլ իրավիճակ է։
«Ես առավել քան վստահ եմ, որ Արևմուտքն այս գործակալական խմբին պատրաստեց և ՀՀ-ում իշխանության բերեց, որ նրանք սպասարկեն իրենց շահը և ՌԴ-ին դուրս բերեն տարածաշրջանից։ Արևմուտքն այս խնդիրն է լուծում այստեղ, ու իր համար, ընդհանուր առմամբ, միևնույնն է, թե Արցախի հետ ինչ կկատարվի, ինչ կլինի Արցախի ժողովրդի հետ։ Ընդամենը ձևական հայտարարություններ կարող ենք սպասել, ինչպես 2020-ին՝ 44 օր շարունակ, երբ Արևմուտքը երկու կողմերին էր սաստում։ Մեծ հաշվով՝ արևմտյան հարթակից որևէ բան ակնկալելը միամտություն ու մոլորություն է։ Ինչ վերաբերում է թշնամիներին, կարծում եմ՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը համարում է, որ պատերազմով իր բոլոր խնդիրները լուծել է Արցախում, և, հետևաբար, իր բոլոր նկրտումներն այս պահին արդեն Հայաստանի Հանրապետությունից են»,-հավելեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը ոչ թե միայնակ, այլ Թուրքիայի հետ է գործում, ինչն ակնհայտ է 2020ի սեպտեմբերի 27-ից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։