2023թ. հունիսի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թ. հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, 42-ամյա քույրը դուրս է եկել Կոտայքի մարզի Պտղնի գյուղի իր տանից և չի վերադարձել։
Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում կինը չի հայտնաբերվել:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին: 42-ամյա կինը ճանաչվել է տուժող:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք վարութային և քննչական գործողություններ, այդ թվում՝ 42-ամյա կնոջ հեռախոսի տեղայնացման, ինչպես նաև՝ նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Պարզվել է, որ տուժողի «I phone 13 pro max» մոդելի հեռախոսը 2023 թվականի հունիսի 20-ին վաճառվել է Երևան քաղաքում:
Իրականացված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների արդյունքում, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների շնորհիվ, նշված հեռախոսը վաճառած, ինչպես նաև այն ձեռք բերած անձինք հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:
Վերջիններս հարցաքննության ժամանակ ներկայացրել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ: Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով նրանցից մեկը՝ 18-ամյա մի երիտասարդ, ձերբակալվել է։
Քննությամբ պարզվել է, որ 42-ամյա կինը սպանվել է հունիսի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում։ Դեպքի օրը տուժողը Փարաքարում հանդիպել է իր 18-ամյա ծանոթի հետ։ Կնոջը պատկանող ավտոմեքենայով նրանք շրջել են, ապա մեքենան կայանել «Ծիրանանոց» կոչվող հատվածում։ Երիտասարդը, 42-ամյա կնոջը պատկանող «I phone 13 pro max» մոդելի հեռախոսին տիրանալու և նրա ավտոմեքենան շահագործելու շահադիտական դրդումներով, սպանելու դիտավորությամբ, աջ ձեռքով բռնել է կնոջ պարանոցից, և, ձախ ձեռքը դնելով նրա գլխի հետին հատվածին, հրելու և պարանոցը սեղմելու միջոցով կատարել է խեղդող հնարք՝ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:
Ապա 18-ամյա երիտասարդը կպչուն ժապավենով կապել է տուժողի ձեռքերը, ոտքերը և բերանը, մեքենայով նրան տեղափոխել Փարաքար համայնքի գերեզմանատանը հարակից տարածքում գտնվող, չշահագործվող քարի արտադրամաս։ Դին հրելով գցել է տարածքում առկա ձորակը, քարերով ծածկել և, վերցնելով կնոջ բջջային հեռախոսը, վերջինիս ավտոմեքենայով հեռացել այդ վայրից։ Հունիսի 20-ին նա ընկերոջ միջոցով վաճառել է 42-ամյա կնոջը պատկանող «I phone 13 pro max» մոդելի հեռախոսը, դրա դիմաց ստացել 200.000 ՀՀ դրամ գումար, իսկ ավտոմեքենան շահագործել իր կարիքների համար։
Նախաքննության ընթացքում երիտասարդի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվել է քննչական գործողություն, որի ժամանակ հայտնաբերվել է 42-ամյա կնոջ դիակը:
Որոշումներ են կայացվել դիակի դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ նշանակելու մասին:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 18-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: