Կիևում 16-հարկանի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։ Այս մասին հայտարարել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Դնեպրի շրջանում գտնվող տան փլատակների տակից փրկարարները դուրս են բերել մահացած կնոջ դի: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հայտնում է նա Կիևի քաղաքային պետական վարչության Telegram ալիքում։
Ավելի վաղ Կիևի քաղաքապետը հայտնել էր պայթյունի հետևանքով երկու զոհի մասին։ Ինչպես հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը իր ալիքում, պայթյունի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 5 մարդ (3-ը հոսպիտալացվել են), տան 20 բնակիչ տարհանվել է։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ շենքի բնակարաններից մեկում գազ է պայթել։ Միջադեպի հետեւանքով չորս բնակարան է ավերվել, եւս 16-ը վնասվել է։ Այժմ հրդեհը մեկուսացվել է։