Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Ադրբեջանի Հանրապետության դեսպան Նասիմի Աղաևը հունվարի 27-ին՝ Բունդեսթագի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմին Լաշեթի հրավերով, մասնակցել են «Հարավային Կովկասում շրջադարձային ժամանակներ․ Պատմական խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, Գերմանիայի դերը և Եվրոպայի նոր արևելյան կապը» խորագրով քննարկմանը։
Հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և անձամբ ԱԳ դաշնային նախարար Յոհան Վադեփուլին, ով նախկինում եղել է Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ, նախորդող ժամանակահատվածում ցուցաբերած կառուցողական աշխատանքի և աջակցության համար։
Դեսպանության փոխանցմամբ՝ միջոցառմանը ներկա են եղել նաև տասնյակ փորձագետներ, պատգամավորներ և լրատվամիջոցներ։
«Միջոցառումը կազմակերպվել էր Մյունխենի Մաքսիմիլիանս համալսարանի և Աախենի համալսարանի «Միջազգային համագործակցության, տեխնոլոգիական դիվանագիտության և հաղորդակցության ինստիտուտի» կողմից»,-հայտնում է դեսպանությունը։