Հետևեք մեզ։

Այո, ես եմ միջնորդել, որ Դավիթ Հարությունյանի գործով նիստը դռնփակ անցնի, և շատ ճիշտ եմ արել․ Գրիգոր Մինասյան (տեսանյութ)

15:31, 22 հունիս 2023

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Hayastan.news-ի հետ զրույցում «100 տոկոսով վստահեցրեց», որ որևէ քաղաքական էլեմենտ չկա իր և ԲԴԽ նախագահի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու, դատավորներին պաշտոնազրկելու մեջ, չնայած որ իրավական ոլորտի շատ ներկայացուցիչներ դա համարում են քաղաքական ուղղորդմամբ ճնշում՝ ուղղված «անցանկալի» դատավորների դեմ։

Անդրադառնալով կոնկրետ դատավոր Դավիթ Հարությունյանի դեմ հարուցված կարգապահական վարույթին՝ Գրիգոր Մինասյանն ասաց․ «Դուք կարող եք վերցնել պարոն Հարությունյանի հարցազրույցը և կտեսնեք, որ իմ խորին համոզմամբ՝ խախտվել է դատական օրենսգրքի կոնկրետ հոդված։ Հոդվածի էությունը հետևյալն է, որ դատավորը չի կարող քննադատել այլ ընթացիկ գործերի հետ կապված դատարանի որոշումները։ Այսինքն՝ հարևան դատավորը չի կարող ասել, որ Ավան վարչական շրջանի դատարանը կամ Բարձրագույն դատական խորհուրդը սխալ որոշում է կայացրել, դա դատական համակարգի չոտնահարման կարևորագույն երաշխիքն է։ Իսկ պարոն Հարությունյանի հարցազրույցները և կոչերը ամբողջությամբ դատական օրենսգրքի ոտնահարում է՝ իմ կարծիքով, բայց տեսնենք՝ ինչ կկարծի Բարձրագույն դատական խորհուրդը»։

Ըստ Մինասյանի՝ Դավիթ Հարությունյանը կոնկրետ երկու դրվագով ասել էր, որ վերջին վեց ամսվա ընթացքում ԲԴԽ միաձայն որոշումները կասկածի տակ է դնում, իսկ դա, ըստ նախարարի, Դատական օրենսգրքի կոպտագույն խախտում է։ Հետևաբար, ըստ Մինասյանի, դատավորը չի կարող քննադատել ԲԴԽ-ի կայացրած որոշումները։

«Ինձ կարելի է քննադատել, ինձ ամեն օր բոլորդ կարող եք քննադատել, դա ապօրինի չէ, բայց դատավորին և դատական ատյանը քննադատել դատավորի կողմից՝ դա Դատական օրենսգրքին հակասող երևույթ է»,-ասաց Գրիգոր Մինասյանը։

Հարցին՝ ի՞նքն էր միջնորդել, որ Դավիթ Հարությունյանի գործով նիստը ԲԴԽ-ն դռնփակ անցկացնի, Մինասյանն ասաց․ «Այո, ես եմ միջնորդել, և շատ ճիշտ եմ արել, և բացատրեմ՝ ինչու, որովհետև գործը, որ քննում ենք, դա դատարանի հեղինակազրկման հետ կապված հայտարարություններն են, և երբ դու հենց այդ հայտարարությունն ես տիրաժավորում մամուլում, դու ոնց որ էդ ջրաղացին ջուր լցնես»։

Մանրամասն՝ տեսանյութում․

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ