Եվրոպական խորհրդարանի նիդերլանդացի պատգամավոր Բերտ-Յան Ռուիսենն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 22-ին այցելել է ՀՀ Սյունիքի մարզ: Պատգամավորներին դեպի Հայաստանի հարավ ուղեկցել է Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:
Գորիսում հյուրերին ընդունել է Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը եւ ներկայացրել անվտանգային իրավիճակը մարզում: Բերտ-Յան Ռուիսենը նշել է, որ հայ ժողովուրդը վայելում է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը եւ ինքը Հայաստանում է` ցույց տալու իրենց աջակցությունը Հայաստանին եւ, մասնավորապես, սյունեցիներին` գիտակցելով, թե որքան բարդ իրավիճակում են գտնվում վերջիններս:
Կողմերը կարեւորել են Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայումը Սյունիքի մարզում:
Հաջորդիվ հայ եւ նիդերլանդացի պատգամավորները հանդիպել են արցախցի երիտասարդ բժիշկների հետ, որոնք Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո չեն կարողանում վերադառնալ Արցախ եւ կատարել իրենց առաքելությունը` բժշկական ծառայություններ մատուցել Արցախի ժողովրդին: Նրանք ներկայացրել են շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրները:
Եվրախորհրդարանի պատգամավորը նշել է, որ առկա իրավիճակից ելքը Ադրբեջանի վրա հասցեական ճնշումն ու կոնկրետ պատժամիջոցների կիրառումն է: Արձանագրվել է, որ խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտություն կա` կանխելու վերահաս հումանիտար աղետը:
Օրենսդիրները եղել են նաեւ Լաչինի միջանցքի սկզբնամասում, քննարկել պաշտպանական տարբեր մեխանիզմների ներդրման հարցը` տեւական խաղաղության հասնելու նպատակով: