Հետևեք մեզ։

Արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից. Մայր Աթոռի հայտարարությունը

20:50, 31 հունվար 2026
Արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից. Մայր Աթոռի հայտարարությունը

 

Մայր Աթոռը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

«Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ 

 

Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե, ինչը վերստին ակնհայտ վկայություն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի և հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների։ 

 

Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։

 

Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները