Հետևեք մեզ։

Ի պատասխան Զախարովայի՝ նշեմ, որ հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում․ ԱԳՆ խոսնակ

19:32, 22 հունիս 2023
Ի պատասխան Զախարովայի՝ նշեմ, որ հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցների հարցման.

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Հակարի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կողմից հունիսի 21-ին տրված ձևակերպումները։

Պատասխան. Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության, հարկ եմ համարում նշել հետևյալը.

Հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում։

Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով և սկզբունքով էր հունիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կոնկրետ այդ հատվածում՝ կամրջի այս կողմում, տեղադրվում ադրբեջանական դրոշ։ Ի դեպ, արձանագրենք, որ այս նույն թեզը պարբերաբար բառացիորեն կրկնում է ադրբեջանական կողմը` Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելիս և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելիս:

Պարզ չէ, թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց։ Հիշեցնում ենք, որ ռուս խաղաղապահների միակ վերաբերելի գործառույթը Լաչինի 5կմ լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելն էր։

Ի դեպ, հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղ չեն տեղափոխվում նույնիսկ մարդասիրական նպատակով անհրաժեշտ պարագաներ, ներառյալ՝ սնունդ և դեղորայք, այդ թվում՝ անգամ ԿԽՄԿ կողմից, ԼՂ-ից ՀՀ բժշկական հաստատություններ չեն տեղափոխվում համապատասխան բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդները, շարունակում է խափանված մնալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Եզրափակելով` ցանկանում ենք կոչ անել 2020թ. նոյեմբերի 9-ի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները: 

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ