Քրեական ոստիկանության Երևանի վարչությունում (ենթադրաբար այդ ստորաբաժանումում) խոշտանգում իրականացրած ոստիկանի նկատմամբ պետք է ժամ առաջ քրեական վարույթ նախաձեռնվի ու նա պետք է կալանավորվի` քննությունից չխուսափելու ու վկաների վրա չազդելու համար։
Այս մասին գրում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը.
«Այդ ոստիկանն ու նրա վերադասը պետք է հեռացվեն ոստիկանությունից և այլևս երբեք (ողջ կյանքի ընթացքում) որևէ իրավապահ մարմնում չաշխատեն։
Սրանց նմաններն արժեզրկում են ռեֆորմները, սրանց նմանները տապալում են հասարակություն-իրավապահ առողջ հարաբերությունների կառուցման ամեն փորձ։
Եթե Քննչական կոմիտեն այդ ոստիկանին չկալանավորի ու գործն արագ և արդյունավետ չքննի, ապա ստիպված արձանագրելու ենք, որ ՔԿ-ն այս հանցատեսակի դեմ պայքարելու փոխարեն նպաստում է դրան։