Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2025 թվականի տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ կրկին պնդեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան:
Նրա խոսքով՝ վերջերս եվրոպական կառույցների կողմից զեկույցներ էլ հրապարակվեցին, որտեղ այդ մասին ոչինչ չկար: Ավելին, ըստ նախարարի, անգամ «ընդդիմադիր գործիչները շատ դառնացած» նշում են, որ այդ զեկույցներում որևէ հղում քաղբանտարկյալներին մասին չկա:
«Դա խոսում է այն մասին, որ իրականում դրանք չկան: Նշեմ, որ չի կարելի պատսպարվել քաղաքական հայացքի, մարդու կարգավիճակի հետևում և կատարել ենթադրյալ հանցանք և հետո խոսել ինչ-որ քաղաքական հետապնդումների մասին: Քաղաքականությամբ զբաղվելը չի ենթադրում՝ քո կատարած արարքներին պետք է տրվի քաղաքական ենթատեքստ: Կան քրեական գործեր, որոնց քննությունը շարունակվում է: Յուրաքանչյուր քաղաքացի իր անձնական հետևությունները կարող է անել»,-նշեց նա:
Մինչդեռ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ Հայաստանում կան 50-60 քաղբանտարկյալներ: