Հետևեք մեզ։

ՄԻՊ աշխատակազմում ոստիկանի կողմից անձի խոշտանգման դեպքով սկսվել է ուսումնասիրություն

17:30, 04 փետրվար 2026
ՄԻՊ աշխատակազմում  ոստիկանի կողմից անձի խոշտանգման դեպքով սկսվել է ուսումնասիրություն

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ փետրվարի 3-ին լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն: 

Քրեական վարույթ նախաձեռնելու և անձի արարքին քրեաիրավական գնահատական տալու նպատակով   նույն օրը համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով ունի հստակ իրավական պարտավորություններ։

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում նմանատիպ դեպքերով արագ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննության իրականացումն ու հանրությանը այդ առնչությամբ թույլատրելի ծավալի տեղեկատվության ներկայացումը:

Նշենք, որ նմանատիպ բոլոր դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

ԻՐԱԶԵԿՈՒՄ.

Մարդու իրավունքների պաշտպանին կարելի է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։

Պաշտպանին կարելի է դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]։

Վերլուծական

Ամենաընթերցվածները