Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսի երևանյան հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Բաքվում ապօրինի անազատության մեջ գտնվող հայերի հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
«Երեկ Միացյալ Նահանգների փոխնախագահի հայտարարությունների մեծ մասն արդեն իսկ տնտեսական էր, քան թե քաղաքական, սա նշանակում է, որ օգոստոսի 8-ի հայտարարությունը հաջողություն է արձանագրել։ Մենք չխոսեցինք սահմանային վիճակի մասին, մենք չխոսեցինք ռեգիոնալ լարվածության մասին, դա նշանակում է, որ չկա օրակարգում այդպիսի հարց։ Իհարկե, օրակարգում կան կոնֆլիկտի կամ հետկոնֆլիկտային վիճակի հետ կապված հարցեր։ Բոլոր դեպքերում են այդ հարցերը քննարկվում։ Մասնավորապես՝ անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց՝ Բաքվում պահվող հայերի հարցը դեռ օգոստոսի 8-ին է արծարծվել Հայաստան-Միացյալ Նահանգներ քննարկումներում։
«Հարցը եղել է օրակարգում և հարցը քննարկվել է օրակարգում։ Գործնականում վերաբերելի այդպիսի բանակցություն չկա, որ այդ հարցին չանդրադառնանք»,- ընդգծեց Փաշինյանը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պաշտոնական այցով Հայաստանում էր փետրվարի 9-10-ը։ ԱՄՆ փոխնախագահը Հայաստան էր ժամանել կնոջ և երեխաների հետ։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առանձնազրույցը, ընդլայնված կազմերով հանդիպումը, ինչպես նաև մամուլի ասուլիսը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն»-ը։