Կյանքից հեռացել է հեռուստալրագրող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Կրթության և գիտության նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։
Նրա ընկեր, խմբագիր Հակոբ Ասատրյանը գրում է․
«Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո ժամեր առաջ ԱՄՆ-ում հիվանդանոցում կյանքին հրաժեշտ տվեց հայտնի հեռուստալրագրող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գիտության ու կրթության նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։ Վերջին տարին ծանր հիվանդությունը նրան գամել էր անկողնուն։ Երեւանում սկսված, Մոսկվայում եւ Լոս Անջելեսում շարունակված բուժման ընթացքը, ցավոք, իր դրական արդյունքը չտվեց։ 66 տարեկանը երկու շաբաթ առաջ դիմավորած մեր ավագ ընկերը մինչեւ վերջին շունչը պայքարեց անողոք հիվանդության դեմ՝ այն հաղթահարելու լիահույս վստահությամբ, բայց թերեւս կրեց իր կյանքի գլխավոր պարտությունը։ Այլապես, ողջ կյանքի ընթացքում մնաց իր գրչին, իր սկզբունքներին հավատարիմ, ծառայեց հայոց պետականությանը, հայ լրագրությանն ու գրականությանը, հարստացնելով բազմաթիվ հետազոտություններով, գրական արժեքավոր հրատարակություններով, ֆիլմերով, պատմական նշանակություն ունեցող ռեպորտաժներով ու հեռուստատեսության եւ մամուլի տեսությանը նվիրված մենագրություններով։ Եվ ամենակարեւորը մնաց իր ընտանիքի, իր ընկերների, իր ուսանողների կողմից սիրված եւ հարգված Մարդ»։