Այսօր՝ փետրվարի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վահե Գ.-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Մ.-ին։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Դավիթ Նալբանդյանի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Երևանի քաղաքապետարանի «ԵԱՍՄ» հիմնարկում և իր գործընկերների հետ մաքրման աշխատանքներ էր իրականացնում Բաղրամյան պողոտայում։