Խաղաղության գործընթացը երկար գործընթաց է և ժամանակի ընթացքում այդ դիրքորոշումներն ավելի կփափկեն, հանրության համար կդառնան հասկանալի։ Հանրային ճնշումը շատ բարձր է, որ վերադառնան գերիները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարության, որ իբր Բաքվում գտնվող գերիները ծանր հանցագործներ են և պետք չէ ակնկալել նրանց վերադարձը։
«Ես վստահ եմ, որ գերիները վերադարձվելու են, ուղղակի կոշտ հռետորաբանությունը դեռևս որոշակի պահպանվել է ադրբեջանական կողմի մոտ։ Վստահ եմ, որ Խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո մեր գերիները կվերադարձվեն հայրենիք»-նշել է նա:
Անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու Ալիեւի պահանջին, Բագրատյանն ասել է. «Միջազգային վեճ կա՝ թե մեր կողմն է ավելի ճիշտ, որովհետև մենք ասում ենք՝ միջազգային պայմանագիրը բարձր է ազգային օրենքներից։ Այսինքն՝ եթե դա այդպես է, պայմանագիր կնքելիս Սահմանադրությամբ ամրագրված ինչ-որ նորմ, նույնիսկ եթե որևէ երկրի համար խնդիր է առաջացնում, այլևս չի կարող ավելի բարձր համարվել, քան կնքվող պայմանագիրը։ Հետևաբար կարծում եմ, որ այս իմաստով հայկական կողմն է ճիշտ՝ որ Սահմանադրությունը չենք գրում և օրենքները չենք գրում, որովհետև միջպետական միջազգային պայմանագիր է կնքվում, իսկ միջազգային պայմանագիրը բարձր է ազգային օրենքներից, ներքին պետական օրենքներից»: