Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Եվրոպան պետք է ստանձնի իր սեփական անվտանգության համար առաջնային պատասխանատվությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ելույթի ընթացքում վարչապետը նշել է, որ Եվրոպան պետք է ավելի շատ գումար ծախսի սեփական անվտանգությունն ամրապնդելու ու ապահովելու ուղղությամբ։
«Մենք պետք է ավելի շատ ծախսենք, ավելի շատ բանի հասնենք և ավելի լավ համակարգվենք։ Կարևորագույնը, որ մենք պետք է սա անենք Միացյալ Նահանգների հետ միասին։ Միացյալ Նահանգները մնում է անփոխարինելի դաշնակից. նրա ներդրումը եվրոպական անվտանգության մեջ 80 տարվա ընթացքում աննախադեպ է, և մենք շնորհակալ ենք նրան դրա համար։ Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ իրավիճակը փոխվում է։ ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը նշում է, որ Եվրոպան պետք է ստանձնի իր սեփական պաշտպանության համար առաջնային պատասխանատվությունը, և սա այժմ նորմալ է», - ասել է Սթարմերը։
Նա ընդգծել է, որ առանց Եվրոպայի չկա Մեծ Բրիտանիայի անվտանգություն, և առանց Մեծ Բրիտանիայի՝ չկա եվրոպական անվտանգություն։
Քիր Սթարմերը նաև հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունն այս տարի Հյուսիսային Ատլանտիկայում և Վերին Հյուսիսում կտեղակայի «Prince of Wales» ավիակիրի գլխավորությամբ հարվածային խումբ, որը կգործի ԱՄՆ-ի, Կանադայի և ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ միասին՝ ցույց տալով Լոնդոնի հանձնառությունը եվրաատլանտյան անվտանգությանը։