Հետևեք մեզ։

ԱՄՆ պետքարտուղարը մտահոգիչ է համարում Նավալնիին թունավորելու մասին տեղեկությունները

10:05, 16 փետրվար 2026
ԱՄՆ պետքարտուղարը մտահոգիչ է համարում Նավալնիին թունավորելու մասին տեղեկությունները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտահոգիչ է անվանել հինգ եվրոպական երկրների զեկույցն այն մասին, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սպանվել է ռուսական իշխանությունների կողմից հատուկ թույնի կիրառմամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

«Մենք տեղյակ ենք զեկույցից։ Դա անհանգստացնող զեկույց է։ Մենք տեղյակ ենք պարոն Նավալնիի դեպքի մասին և, անշուշտ... որևէ պատճառ չունենք այն կասկածի տակ դնելու», - ասել է Ռուբիոն լրագրողներին Սլովակիա կատարած այցի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հինգ երկրներ` Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները հայտարարել են, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին սպանվել է բանտում հատուկ թույնի կիրառմամբ, ինչը Ռուսաստանի կողմից քիմիական զենքի մասին Կոնվենցիայի խախտում է։ 

Մի քանի անկախ լաբորատորիա Նավալնիի ընտանիքի կողմից դուրս բերված նմուշներում հայտնաբերել է էպիբատիդին՝ հարավամերիկյան Epipedobates tricolor գորտի մաշկից ստացվող խիստ թունավոր նյութ: 

Էպիբատիդինը նեյրոտոքսին է, որն ազդում է նիկոտինային ու մուսկարինային ացետիլխոլինային ռեցեպտորների վրա: Այս ռեցեպտորները ներգրավված են ցավի փոխանցման, ինչպես նաև շարժման ու այլ ֆունկցիաների մեջ: Էպիբատիդինը առաջացնում է ամբողջ մարմի զգայունության կորուստ, որը կարող է արագորեն զարգանալ մինչև լիակատար կաթվածահարություն ու շնչառության դադարեցում։ 

Ռուսաստանի կառավարությունը այս մեղադրանքները որակել է որպես «արևմտյան քարոզչական սուտ»։

Նավալնին մահացել էր բանտում 2024 թվականի փետրվարին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները