Հետևեք մեզ։

Հայաստանը շարունակում է ամենօրյա ռեժիմով աշխատանքը Բաքվում ապօրինաբար պահվող հայերին վերադարձնելու ուղղությամբ. ՔՊ-ական պատգամավոր

12:59, 16 փետրվար 2026
Հայաստանը շարունակում է ամենօրյա ռեժիմով աշխատանքը Բաքվում ապօրինաբար պահվող հայերին վերադարձնելու ուղղությամբ. ՔՊ-ական պատգամավոր

Հայաստանը շարունակում է ամենօրյա ռեժիմով աշխատանքը Բաքվում ապօրինաբար պահվող հայերին վերադարձնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե նա չի պատրաստվում վերադարձնել Բաքվի դատարանի կողմից դատապարտված հայերին:  

«Մեր հայրենակիցների վերադարձի շուրջ աշխատանքը մեր ամենօրյա աշխատանքն է: Նաև դուք տեսնում եք դրա արդյունքները, իհարկե, ոչ մեզ համար ցանկալի ժամանակամիջոցում, ոչ մեզ համար ցանկալի ձևով: Բայց, ամեն դեպքում, զուգահեռաբար ունենալով ձեր մատնանշած խոսույթը, մենք ունենում ենք հաջողություններ: Ամեն ինչ անելու ենք, որ մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան»,- ասաց Հովհաննիսյանը:

Հունվարի 14-ին Ադրբեջանը վերադարձրել էր 4 հայ գերիների՝ Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էուլջեքջյանին և Վագիֆ Խաչատրյանին։ Նրանք Ադրբեջանի կողմից գերեվարվել էին 44-օրյա պատերազմից հետո և տարբեր կեղծ մեղադրանքներով ազատազրկման էին դատապարտվել Բաքվի դատարանի կողմից։ 

Բաքվի ռազմական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին։ 

Դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին։ Որոշումը պայմանավորված է նրանով, որ դատարանի վերջնական որոշման կայացման պահին լրացել է նրանց 65 տարին, իսկ Ադրբեջանի օրենսդրությամբ արգելված է 65 տարին լրացած անձանց նկատմամբ կիրառել ցմահ ազատազրկում։ 

Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը Ադրբեջանը մեղադրում է մի քանի տասնյակ շինծու հոդվածներով՝ պատերազմ ծրագրելու և իրականացնելու, ապօրինի վերաբնակեցման և այլն։

Ադրբեջանն այս պահին շարունակում է ապօրինաբար պահել 19 հաստատված հայ գերիների։

 

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները