Հետևեք մեզ։

Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Բագրատյանի արդարացման ակտի դեմ Վարդապետյանի ներկայացրած բողոքը

13:58, 16 փետրվար 2026
Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Բագրատյանի արդարացման ակտի դեմ Վարդապետյանի ներկայացրած բողոքը

ՀՀ վճռաբեկ մերժել է վարույթ ընդունել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը: Այսպիսով շուրջ երկուսուկես տարի դատական երեք ատյաններում քննվելուց հետո օրինական ուժի մեջ է մտել Հրանտ Բագրատյանի անմեղությունը ճանաչող վճիռը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատական ակտը:

Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանըը մեղադրվում էր 2023 թվականի ապրիլի 4-ին Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության կողմից անցկացվող հավաքի ժամանակ բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու համար: Մասնավորապես, խոսելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, Բագրատյանն ասել էր. «արա ինչի եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»: Այս գործողությունն ըստ մեղադրանքը ներկայացրած դատախազության՝ ՀՀ-ում հետպատերազմական և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել:

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ Մ. Շահվերդյանի, 2025 թվականի մարտի 6-ին վճռել էր ճանաչել և հռչակել Հրանտ Բագրատյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ արձանագրելով, որ վերջինիս ներկայացված մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքների (արարքի) վերաբերյալ դատարանի մոտ առկա է ողջամիտ կասկած:

Ըստ դատավճռի՝ մեղադրանքի կողմը դատարանին չի ներկայացրել թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցների այնպիսի համակցություն, որը, հաղթահարելով անմեղության կանխավարկածը, անաչառ դիտորդի մոտ կձևավորի հիմնավոր կասկածից վեր համոզվածություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմը բնութագրող գործողությունները մեղադրյալ Հրանտ Բագրատյանի կողմից ուղղակի դիտավորությամբ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև կհաստատի մեղադրանքի ապացուցման առարկան կազմող մյուս հանգամանքները: Հետևաբար՝ դատարանն ապացույցների բավարար համակցությամբ և հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշներով հաստատված չի համարել, որ մեղադրյալը կատարել է իրեն մեղսագրված արարքը։ Դատարանի գնահատմամբ՝ մեղադրանքի կողմը հանցագործության համար դատապարտումը պայմանավորել է Հ. Բագրատյանի հավանական մեղավորության վերաբերյալ հետևություններով և ենթադրություններով, ինչի պայմաններում դատարանը փաստում է, որ նախաքննական մարմինը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով երաշխավորված՝ չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության, ինչպես նաև բոլոր ողջամիտ կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու սկզբունքի խախտում։

Այսպիսով՝ դատարանը հանգել է հետևության, որ Հրանտ Բագրատյանի մեղավորությունը հանցանքի կատարման մեջ, չի ապացուցվել, իսկ չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղությանը:

Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի դեմ Երևան քաղաքի դատախազության դատախազ Հ.Ավետյանը ներկայացրել էր վերաքննիչ բողոքը: ՀՀ վերաքննիչ դատարանը՝ նախագահությամբ Տ. Գրիգորյանի, 2025 թվականի հուլիսի 7-ին որոշել էր դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժել՝ 2025 թվականի մարտի 6-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

Իսկ արդեն Վերաքննիչ դատարանի որոշման դեմ 2025 թվականի օգոստոսի 18-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Վերջինս փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ oրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար։

Բողոքաբերի պնդմամբ, ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ, 22-րդ հոդվածների պահանջները, իսկ մեղադրանքի բովանդակությունը, վերաբերելի նորմերն ու հետազոտված ապացույցներն իրենց ամբողջության մեջ անհերքելիորեն վկայում են Հ․ Բագրատյանի կողմից, քաղաքական հայացքներով պայմանավորված, ՀՀ վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ հնչեցնելու մասին, որպիսի հանգամանքը ստորադաս դատարանների կողմից անտեսվել է, և հետազոտված ապացույցները ճիշտ չեն գնահատվել։

Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 7-ի որոշումը և Հրանտ Բագրատյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում՝ նշանակելով համաչափ պատիժ կամ վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության։

Սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ Լ. Թադևոսյանի նախագահությամբ, 2025 թվականի դեկտեմբերի 15-ին որոշում է կայացրել Բագրատյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Վարդապետյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել: Վճռաբեկ ատյանն արձանագրել է, որ բողոքաբերի կողմից չեն բերվել բավարար հիմնավորումներ, որ Վերաքննիչ դատարանի կողմից առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, իսկ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար: Որոշումն օրինական ուժի մեջ է մտնել կայացնելու օրը:

Վերլուծական

Ամենաընթերցվածները