«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում 2026–ի խորհրդարանական ընտրություններում ՔՊ ցուցակում թեկնածուների ընտրության առաջին փուլի քվեարկությանը մասնակցել է 1028 անձ, վավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 932։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 16–ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ փաստորեն մասնակիցներից 38–ը չի քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Այո, կան, մենք ժողովրդավար կուսակցություն ենք և նաև դուք էլ խոսելու թեմա ունեք այդ իմաստով։
Ես ուզում եմ արձանագրել և հուսով եմ՝ դուք էլ դա արձանագրեցիք, որ սա Հայաստանի քաղաքական պատմության մեջ աննախադեպ իրադարձություն էր իր թափանցիկության և ժողովրդավարության տեսանկյունից։ Ես հույս ունեմ, որ մյուս քաղաքական ուժերն էլ գոնե սրան մի քիչ մոտիկ միջոցառումներ կկազմակերպեն, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վերջապես հասկանա, թե նրանց ցուցակները որտեղ են գրվում, ում կողմից են գրվում, ինչ լեզվով են գրվում և այլն»։