Հայաստանյան ռազմարդյունաբերական որոշ ընկերություններ պետության կողմից անցած տարի ստացել են ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ի ամփոփիչ ասուլիսի ընթացքում։
Նախարարը չմանրամասնեց, թե կոնկրետ ռազմական ինչ արտադրանք է նախատեսվում արտահանել ՀՀ-ից՝ նշելով, որ դա գաղտնի տեղեկություն է։
Նրա խոսքով՝ իրականացված օրենսդրական մի շարք փոփոխությունների ու ոլորտային բարեփոխումների շնորհիվ ընդլայնվել է պետական աջակցության գործիքակազմը տեղական ռազմարդյունաբերական ընկերություններին։
Մասնավորապես, մշակվել է պետական փորձարկումների անցկացման համար անհրաժեշտ փորձնական նմուշների ստեղծման ֆինանսավորման կարգը, որն ամբողջությամբ համակարգում է պետական փորձարկումների պես բարդ գործընթացներ իրականացնելու ամբողջ գործողությունների համակարգը։
Բացի այդ, մշակվել է պետական փորձարկումներ իրականացնելու համար անհրաժեշտ փորձանմուշներ ստեղծելու ֆինանսավորման կարգը։
«Սա նոր գործիքակազմ է՝ ֆինանսապես օգնելու մեր ընկերություններին անցնել պետական փորձարկումների բարդ և թանկարժեք գործընթացով»,-մանրամասնեց նախարարը։