Հետևեք մեզ։

Հայկական երկաթուղիների մասին Երևանից հնչող հայտարարությունները տարօրինակ են և փոքր-ինչ անընդունելի․ Զախարովա

16:06, 18 փետրվար 2026
Հայկական երկաթուղիների մասին Երևանից հնչող հայտարարությունները տարօրինակ են և փոքր-ինչ անընդունելի․ Զախարովա

«Հայկական երկաթուղիների մասին Երևանից հնչող հայտարարությունները տարօրինակ են և փոքր-ինչ անընդունելի», - այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությունները:

«Հայաստանի երկաթուղային ցանցը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կառավարման տակ է արդեն ավելի քան 20 տարի։ Այդ ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն կայուն կերպով կատարում է իր կոնցեսիոն պարտավորությունները, այլև զգալի միջոցներ է ներդնում ենթակառույցների և շարժակազմի արդիականացման նպատակով։ Երևանում, սակայն, այս մասին կարծես թե մոռացել են», - հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք՝ օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երկաթուղու մասին իր պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։

«TRIPP-ի շրջանակներում կան ուժեր, ովքեր ասում են, որ եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ մտնում է Նախիջևան, չմտնի Նախիջևան և շրջանցի Հայաստանը: Բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են՝ «ոնց շրջանցի Հայաստանը, Հայաստանը մեր գործընկերն է»: Այդտեղ նրանք, ովքեր ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են՝ Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է: Մենք ամեն ինչ անում ենք համոզելու համար, որ, այո, Ռուսաստանի կառավարման ներքո է, բայց Հայաստանի սեփականությունն է ու Ռուսաստանը որևէ ձևով չի ցանկանում ու գործնականում էլ խոչընդոտ չի հարուցի տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ: Սրա մասին ես Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ նա աջակից է այս բոլոր ծրագրերին», - ներկայացրեց վարչապետը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները