Հետևեք մեզ։

Շոյգուն կարծիք է հայտնել, որ որևէ այլ երկիր չի կարողանալու Ռուսաստանի նման կառավարել Հայաստանի երկաթուղային ցանցը

10:56, 19 փետրվար 2026
Շոյգուն կարծիք է հայտնել, որ որևէ այլ երկիր չի կարողանալու Ռուսաստանի նման կառավարել Հայաստանի երկաթուղային ցանցը

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե անհրաժեշտ է, որպեսզի Մոսկվայի և Երևանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող որևէ երկիր Ռուսաստանից գնի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիոն իրավունքը։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ TASS գործակալության հետ զրույցում Շոյգուն կարծիք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների այդ ցանկությունը չմշակված որոշում է, և որ այդ քայլին գնալու պարագայում կառուցված համակարգը կարող է փլուզվել մեկ գիշերվա ընթացքում։

«Գնահատական չեմ տա երկաթուղային տնտեսության կառավարման հարցում այլ երկրների կոմպետենցիային, բայց կարող եմ վստահ ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա ամբողջությամբ փոխարինել ռուսական երկաթուղային փոխադրողին, որն արդյունավետ ու երկար ժամանակ աշխատել է Հայաստանում՝ ոչ ամենահեշտ պայմաններում։ Գրեթե երկու տասնամյակ կառուցված համակարգը կարող է պարզապես փլուզվել մեկ գիշերվա ընթացքում։ Դրա համար «բարեկամական ոչ մի երկիր», բնականաբար, պատասխանատվություն չի ստանձնի։ Հույս ունեմ, որ պատասխանատու որոշումներ կայացնելուց Հայաստանի ղեկավարությունը հանդես կգա բացառապես իր քաղաքացիների շահերից»,- ասել է Սերգեյ Շոյգուն։

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, թե «Հարավկովկասյան» երկաթուղի ընկերությունը պատասխանատու կերպով իրականացնում է կոնցեսիոն պայմանագրով նախատեսված կետերը, այդ թվում՝ այն կետերը, որոնք վերաբերում են ներդրումներին։ Շոյգուի խոսքով՝ այս ընթացքում Ռուսաստանի ներդրումները Հայաստանի երկաթուղային ճանապարհների, այդ թվում՝ շարժակազմերի վրա, կազմել են ավելի քան 30 միլիարդ ռուբլի։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ որևէ երրորդ երկիր, որը ջերմ հարաբերություններ ունի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, պետք է ՌԴ-ից գնի Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը։

«ԹՐԻՓՓ-ի շրջանակներում հիմա կան ուժեր, որ ասում են` եկեք այնպես անենք, որ Մեղրիից հետո, երբ երկաթուղին մտնում է Նախիջևան, շրջանցի Հայաստանը, ասում են՝ տեսեք՝ Հայաստանի երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է։ Ցավոք սրտի, Ռուսաստանի և շատ երկրների հարաբերություններ սուր են, բայց մենք ասում ենք, որ երկաթուղին Հայաստանի սեփականությունն է և Ռուսաստանը չի ցանկանում և խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ։ Սրա մասին ՌԴ նախագահի հետ էլ եմ խոսել, գիտեմ, որ աջակից է այս բոլոր ծրագրերին։ Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, որովհետև երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է»,- ասել էր վարչապետը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը ռազմավարական դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ է ունենում։  

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները