Հետևեք մեզ։

ՀՀ–ում 2021-ին ընտրական շեմը հաղթահարած կուսակցություններն այս տարի ևս աջակցություն կստանան

11:49, 19 փետրվար 2026
ՀՀ–ում 2021-ին ընտրական շեմը հաղթահարած կուսակցություններն այս տարի ևս աջակցություն կստանան

Ազգային ժողովի 2021 թվականի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեից նյութական աջակցություն կտրամադրվի, հարցը ներառված էր Կառավարության նիստի չզեկուցվող հարցերում։

 2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած և սահմանված շեմը հաղթահարած 3 կուսակցություն և մեկ դաշինք 2026 թ. ՀՀ պետբյուջեից կստանան ընդհանուր առմամբ 520.7 մլն դրամ աջակցություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
 
Որոշման նախագծի մեջ նշվում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ԱԺ աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցները կբաշխվեն ըստ ԱԺ ընտրություններում սահմանված շեմը հաղթահարած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների:
 
Ըստ այդմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա 268,3 մլն դրամ, «Հանրապետություն» կուսակցությունը` 38,7 մլն դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 50,4 մլն դրամ, «Հայաստան» դաշինքը` 163,2 մլն դրամ։
Հիշեցնենք, որ 2025 թ. համեմատ գումարները չեն փոխվել. կուսակցություններն ու դաշինքները ֆինանսական աջակցություն են ստանում ամեն տարի՝ ընտրություններում հավաքած ձայների համամասնությամբ։
Եթե խորհրդարան մտնելու համար կուսակցությունների ձայների շեմը պետք է լինի 5 %, դաշինքների համար 7 % է, հետևաբար տարեկան ֆինանսավորումը կազմում է 3 % և 5 %:
 
«Պատիվ ունեմ» դաշինքը ֆինանսավորում չի ստանա, քանի որ 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններում հավաքել է 5 տոկոսից պակաս ձայն, իսկ խորհրդարան է անցել ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջին համապատասխան, որով քաղաքական ուժերը խորհրդարանում պետք է լինեն առնվազն 3–ը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները