Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցու 11Ա հասցեի մոտ կրակոցներ են հնչել։
Ժամը 01։30-ի սահմաններում Մխիթար Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ 44-ամյա Հարություն Հ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Փարպեցու 11Ա հասցեի մոտից:
Արդեն դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ 12 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներով պարզել են դեպքի հանգամանքները, և Հարություն Հ․-ի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանության կասկածանքով հայտնաբերել են Երևանի բնակիչ 33-ամյա Արթուր Թ․-ին, ում հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ նա ներկայացել է Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե նրանցից ով է կրակոցի հեղինակը, ինչպես նաև ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։