Հետևեք մեզ։

Չեմ մեկնաբանում իմ որոշումը. դատավորը՝ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու մասին

18:11, 20 փետրվար 2026
Չեմ մեկնաբանում իմ որոշումը. դատավորը՝ Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու մասին

Ինձ վրա ճնշումներ չկան։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 20–ին, լրագրողների հետ զրույցում նշեց դատավոր Սարգիս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վերջին շրջանում բավականին համարձակ որոշումներ է կայացրել, որոնցից մեկը Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխելու որոշում էր։

 

Նա հերքեց տեղեկությունները, թե իր գործընկերների հետ հարաբերությունները լարվել են. «Նման բան չկա, լարվածություն չկա, ես ինորմալ, առողջ գործընկերային փոխհարաբերությունները բոլորի հետ պահում եմ»։


Նա հերքեց նաև, որ վերևներից զանգ է ստացել այս կամ այն դատական որոշումը կայացնելու մասով. «Որևէ իմ կայացրած դատական ակտ կարո՞ղ եք մատնանշել, որ կասկած է հարուցում»։

 

Լրագրողները հիշեցրին, որ ինքը եղել է ՔՊ ցուցակում, արդյոք լրիվ ձերբազատվա՞ծ եք իշխանության ազդեցությունից, ինչին դատավորն արձագանքեց. «Ժողովուրդ ջան, որևէ ազդեցություն չկա, ես չգիտեմ ինչի մասին եք խոսում։ Ձեր կողմից նշված հանգամանքի հետ կապված ես դատականգործերից մեկով առավել մանրամասն պարզաբանում տվել եմ, ինձ բացարկ էր ներկայացվել, ավելացնելու բան չունեմ»։

 

Հարցին՝ իր կինն ի՞նչ հանգամանքներում է դարձել դպրոցի տնօրեն, Պետրոսյանը պատասխանեց. «Հիմա որ իր ամուսինը դատավոր է, ինքը իրավունք չունի՞ պաշտոնի նշանակվելու։ Ընդամենը հաստիքի փոփոխություն է տեղի ունեցել, հարցազրույցի է մասնակցել։ Ինքը երկար տարիներ այդ դպրոցում է աշխատել»։

 

Ինչ վերաբերում է հարցին, թե Սամվել Կարապետյանին տնային կալանքի ուղարկելու որոշմանը հիմքը որն է եղել, նա ասաց. «Իմ կողմից կայացրած որևէ դատական ակտ լրացուցիչ չեմ մեկնաբանում։ Յուրաքանչյուր դատավոր ինքը ինքնուրույն է որոշում կայացնում։ Մենք որևէ կաշկանդվածություն չունենք մեկս մյուսից կայացրած որոշման վերաբերյալ»,–ասաց նա։

 

Այսօր՝ փետրվարի 20-ին ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով հրավիրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողով։ Օրակարգի մասով ոչինչ հայտնի չէ։

 

Ըստ մամուլի տեղեկությունների՝ դատական համակարգում պատրաստվում են ակադեմիայի խորհրդի անդամի ընտրության։ Պետք է մեկ դատավոր ընտրեն քաղաքացիական դատարանից, իսկ մեկ դատավոր էլ՝ քրեական դատարանից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները