Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին վերացնել միակողմանի մաքսատուրքերն առևտրային գործընկերների նկատմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փետրվարի 23-ին հայտարարել է ՉԺՀ-ի Առևտրի նախարարությունը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի Գերագույն դատարանի որոշումը։
Փետրվարի 20-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը ճանաչել է, որ արտակարգ տնտեսական լիազորությունների վերաբերյալ օրենքը, որի հիման վրա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է ներմուծման մաքսատուրքեր, նրան թույլ չի տալիս նման քայլի գնալ։ ԱՄՆ-ի նախագահը դատարանի այդ վճիռը համարել է խայտառակություն և նշել, որ ինքը պահեստային ծրագիր ունի։
«Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին չեղարկել առևտրային գործընկերների նկատմամբ համապատասխան միակողմանի մաքսատուրքերը», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։
Առևտրի նախարարությունում ընդգծել են, որ համագործակցությունը շահավետ է Չինաստանի և ԱՄՆ-ի համար, մինչդեռ առճակատումը վնասում է երկու երկրներին։