Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել հունական հեղինակավոր «Կաթիմերինի» օրաթերթին` ամփոփելով Հունաստան կատարած պետական այցը։ Հարցազրույցի ընթացքում ՀՀ նախագահը նկատել է, որ բազմաթիվ հայ սպաներ են կրթություն ստացել Հունաստանում, սա շարունակական գործընթաց է, հունական ռազմական հաստատությունների շրջանավարտները մեծ հարգանք են վայելում ՀՀ զինված ուժերում։ Վահագն Խաչատուրյանի խոսքով՝ այս համագործակցությունը պետք է շարունակվի։
Հունաստանում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է հարցազրույցի հայերեն թարգմանությունը, որն ամբողջությամբ «Արմենպրես»-ը ներկայացվում է ստորև․
Վերջին անգամ Հայաստանի ղեկավարի այցը Հունաստան տեղի է ունեցել 2016 թվականին։ Ինչպե՞ս են զարգացել երկկողմ հարաբերությունները վերջին տասնամյակում և որոնք են Ձեր այցի նպատակները։
Հայաստան–Հունաստան հարաբերությունները ես չեմ հաստատել․ դա մեր ժողովուրդների որոշումն է՝ հիմնված մեր պատմության և ճակատագրի վրա։ Այսօր մենք հնարավորություն ունենք բովանդակային քննարկումներ վարելու և ներկայացնելու մեր հարցերը։ Այդ առումով հանդիպումները իսկապես հաջող էին։ Իսկ երբ գալիս ես Աթենք, պարտադիր է նաև հաղորդակցվել այն մշակույթի հետ, որն արտահայտում է այս քաղաքը։ Ձեզ համար, գուցե, դա սովորական է, բայց մեզ համար բացառիկ և շատ կարևոր։