ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը կոչ է արել «արագ, անաչառ և մանրակրկիտ հետաքննություն» անցկացնել Իրանի Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի վրա տեղի ունեցած հարվածի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Ըստ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանիի՝ Վոլկեր Տյուրկը «խորապես ցնցված է» Իրանի դեմ հակամարտության ընթացքում քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ռազմական գործողությունների հետևանքներից։
Անդրադառնալով աղջիկների դպրոցի վրա հարվածի մասին հաղորդագրություններին՝ Շամդասանին ասել է, որ «հետաքննելու պարտականությունը դրված է հարձակումն իրականացրած ուժերի վրա»։
Նա կոչ է արել այդ ուժերին հրապարակել արդյունքները և ապահովել տեղի ունեցածի համար հաշվետվողականություն և փոխհատուցում զոհերի ընտանիքներին և տուժածներին։
Գրասենյակը հայտարարել է, որ որևէ գնահատական չի տալիս, թե ով կարող է պատասխանատու լինել դպրոցին հարվածի համար։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակ, կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել է, որ տեղյակ է այն հաղորդագրություններից, որ աղջիկների դպրոցին հարվածներ են հասցվել։ Նրա խոսքով՝ պաշտոնյաներն ուսումնասիրում են այդ հաղորդագրությունները։
Իսրայելի ռազմական գերատեսչության խոսնակը մարտի 1-ին հայտարարել է, որ տեղյակ չէ տարածքում Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից որևէ հարվածի մասին։
Իրանի Մինաբ քաղաքում փետրվարի 28-ին աղջիկների տարրական դպրոցին հասցված հրթիռային հարվածի հետևանքով, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի խոսքով, զոհվել է 168 երեխա։