Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է ամերիկյան F-15 կործանիչ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրի։
Գործակալությունը հիշեցնում է, որ մարտի 2-ին Իրանի զինված ուժերը հայտարարել էին հայրենական արտադրության հակաօդային պաշտպանության համակարգերով ամերիկյան 3 կործանիչ խոցելու մասին։ Մարտի 2-ին ինչպես Քուվեյթը, այնպես էլ ԱՄՆ-ն հայտարարել էին, որ ամերիկյան 3 կործանիչ սխալմամբ խոցվել է Քուվեյթի զինված ուժերի կողմից, երբ նրանք հետ էին մղում Իրանի կողմից ավիահարվածները։
Միևնույն ժամանակ, մարտի 2-ի առավոտյան Իրանի զինված ուժերը հայտնել էին Իրանի և Քուվեյթի սահմանային հատվածում F-15 կործանիչ խոցելու մասին։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դա անվանելով «կանխարգելիչ» հարձակում։ Նրանց պնդմամբ՝ Իրանը զարգացնում էր իր մեծ հեռահարության բալիստիկ հրթիռների ծրագիրը, նաև ցանկանում էր միջուկային զենք ստեղծել։ Թեհրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանները և էներգետիկ օբյեկտները։