Հետևեք մեզ։

Մեկնարկել է փաստաբանների մեկօրյա գործադուլը

10:14, 26 հունիս 2023
Մեկնարկել է փաստաբանների մեկօրյա գործադուլը

Մեկնարկել է փաստաբանների մեկօրյա գործադուլը։

 

«Հարգելի գործընկերներ,

 

ՀՀ սահմանադրությամբ` իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով, երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:

Փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը և ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների և շահերի իրականացմանն ու պաշտպանությանը՝ օրենքով չարգելված բոլոր միջոցներով և եղանակներով:

 

Փաստաբանն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է, ղեկավարվում է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և օրենքներով, Փաստաբանների պալատի կանոնադրությամբ և փաստաբանի վարքագծի կանոնագրքով:

 

Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:

Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:

 

Փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

 

Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորենկատարելիս:

 

Նշվածները` ի թիվս այլնի, մեր օրենսդրությամբ ամրագրված փաստաբանական գործունեության նվազագույն երաշխիքներն են որոնք ուղղակի անտեսվում են:

 

Պետք է փաստել, որ փաստաբանների նկատմամաբ վերջին շրջանում կատարված բռնության դեպքերը և դրանց պատշաճ իրավական գնահատականի բացակայությունը խոսում է Հայաստանում փաստաբանական ինստիտուտի վտանգված լինելու մասին:

 

Առ այսօր՝ բռնության ենթարկված փաստաբանների մասով վարույթն իրականացվում է ոչ բավարար արագությամբ, իսկ մեղավորները շարունակում են մնալ անպատիժ,

Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկաններն շարունակում են պաշտոնավարել, իրավասու մարմինների և պատկան միջազգային կառույցների անտարբերությունը փաստաբանական ինստիտուտի նկատմամբ շարունակվում է:

 

2023թ. հունիսի 6-ին և 21-ին տեղի ունեցած փաստաբանների ակումբի նիստերում, փաստաբանները ներկայացրել են իրենց վրդովմունքը և մտահոգությունները՝ բռնության դեպքերի կապակցությամբ:

 

Փաստաբանների պալատի ակումբի նիստերի ընթացքում մեր գործընկերները ներկայացրեցին իրավական պետությանը բնորոշ, պատկան մարմինների կողմից կատարման ենթակա, նվազագույն պահանջները որոնք նույն պես անտեսվեցին, ինչն իր հերթին ևս ցույց է տալիս ինստիտուտի նկատմամբ առկա վերաբերմունքը:

 

Ուստի, նման պայմաններում անհրաժեշտ է իրավաչափ միջոցներով կանխել ոտնձգությունները և պաշտպանել մեր ինստիտուտը:

 

Փաստաբանների պալատի հիմնական նպատակներից ու խնդիրներից է` պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում:

 

Հունիսի 26-ը խորհրդանշական օր է՝ Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է ևայդ օրը տեղին է հիշեցնել մեր հասարակության կարևորոգույն ինստիտուտի՝ Փաստաբանության դերի ու նշանակության մասին:

 

Հետևաբար փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացման առկա խոչընդոտները կանխելու, փաստաբանների խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանությունը ապահովվելու նպատակով՝

 

2023 թվականի հունիսի 26-ին իրականացնելու ենք մեկ օրյա բողոքի ակցիա՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց»,- ասված է հայտարարության մեջ։