Ազգային ժողովի նիստերի դահլիճում իրավիճակն այսօր կրկին լարվեց: Պատճառը ՔՊ-ականների քննադատություններն էին առ այն, որ ընդդիմադիրները ներկա չեն գտնվել ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստին և հուղարկավորությանը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը, դիմելով ՔՊ-ականներին, ասաց. «Հոգեքննությամբ զբաղվելով՝ դուք ձեզ եք վարկաբեկում, պարոն Վիգեն Խաչատրյանի հոգուն դուք հաստատ հանգստություն չեք բերում: Ո՞ւր էիք գեներալ Մանվել Գրիգորյանի հուղարկավորության ժամանակ, ո՞ւր էիք Վիգեն Ստեփանյանի, Արմեն Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունների ժամանակ»։
Մինասյանին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ պատգամավորի հոգեհանգստին չմասնակցելը թողնում է իրենց խղճին և հավելեց. «Իմ գրառումը ամեն օր կարդացեք և ամաչեք»։
Սիմոնյանի խոսքին արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, որին շտապեց հակադարձել ԱԺ նախագահը.
«Դուք ձեր կյանքով զբաղվեք: «Դու»-ն դու ես, չհամարձակվես ԱԺ նախագահի հետ դու-ով խոսել», և Օհանյանի դիտարկմանը, թե «Դու ԱԺ նախագահ չես», կրկին արձագանքեց. «Բա դու ով ես, որ ես ԱԺ նախագահ չեմ, ի՞նչ ես անում այստեղ, գնա տուն սարքի տարբեր տեղերում», ինչին ի պատասխան՝ Օհանյանն ասաց՝ գեներալ է: Այս խոսքերից հետո Ալեն Սիմոնյանը լքեց նիստերի դահլիճը:
Հաջորդիվ ԱԺ ամբիոնի մոտ ելույթ ունեցող Հայկ Կոնջորյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը, դիմեց «Հայաստան» խմբակցության ղեկավարին. «Սրիկան դո՛ւք եք»:
«Սրիկան դու ես»,- արձագանքեց Սեյրան Օհանյանը, Կոնջորյանը շարունակեց. «Սրիկան Դուք եք, որ ԱԺ նախագահին ասացիք «սրիկա»։ Լուռ, պապանձվի՛ր»։
Ռուբեն Ռուբինյանը ընդմիջում հայտարարեց: