Հետևեք մեզ։

Կուսակցությունների՝ Խորհրդարան մտնելու անցողիկ շեմն իջել է՝ 5-ից հասնելով 4 տոկոսի, իսկ դաշինքներինը՝ 7 տոկոսից բարձրացվել է 8 և 10 տոկոսի․ ԿԸՀ նախագահ

13:45, 11 մարտ 2026
Կուսակցությունների՝ Խորհրդարան մտնելու անցողիկ շեմն իջել է՝ 5-ից հասնելով 4 տոկոսի, իսկ դաշինքներինը՝ 7 տոկոսից բարձրացվել է 8 և 10 տոկոսի․ ԿԸՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել է 2026 թվականի փետրվարի 7-ից Ընտրական օրենսգրքում ուժի մեջ մտած փոփոխությունները, որոնք գործի են դրվելու ընթացիկ տարվա համապետական ընտրություններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ընթացքում Վահագն Հովակիմյանը նշեց, որ քաղաքական կուսակցությունների՝ խորհրդարան մտնելու անցողիկ շեմն իջել է՝ 5-ից հասնելով 4 տոկոսի, իսկ դաշինքներինը՝ 7 տոկոսից բարձրացվել է 8 և 10 տոկոսի։  

«Մինչև երեք կուսակցություններից բաղկացած դաշինքների համար անցողիկ շեմը 8 տոկոս է, իսկ 3 և ավելի կուսակցություններից բաղկացած դաշինքներինը՝ 10 տոկոս է։ Մյուս փոփոխությունն այն է, որ կուսակցությունների պարագայում գրավի չափը նախկին 10 միլիոն դրամից իջեցվել է 7,5 միլիոն դրամի, դաշինքների պարագայում սահմանվել է 15 միլիոն դրամ։ Սրա նպատակն այն է, որ օրենսդրությունը նպաստի գաղափարակից քաղաքական ուժերի խոշորացմանը, և որ նրանք ավելի հակված լինեն՝ միավորվելու և խոշորանալու»,-մանրամասնեց Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահի խոսքով՝ թե որքանով այս փոփոխություններն իրենց դրական արդյունքները կունենան, ցույց կտա ժամանակը։

«Կարող եմ ասել, որ երբ մեզ անհրաժեշտ էին Հայաստանում գրանցված կուսակցությունների կոնտակտային տվյալներ նրանց նամակներ հղելու համար, մեզ 126 կուսակցության տվյալներ են տրամադրվել, սակայն կարծում եմ, որ գրանցված կուսակցությունների թիվը պետք է որ ավելի շատ լինի։ Իմ ընկալմամբ՝ այս թիվը 2,5 միլիոն ընտրող ունեցող Հայաստանի պարագայում բավականին մեծ է, և եթե օրենսդրությունը նպաստի, որպեսզի մեր երկրում խոշոր քաղաքական ուժեր ձևավորվեն, ապա սա ավելի կնպաստի ժողովրդավարության զարգացմանը, ինչպես նաև ընտրությունների անցկացման որակի շարունակական բարձրացմանը»,-ասաց ԿԸՀ նախագահը։

Հովակիմյանի խոսքով՝ հաջորդ կարևոր փոփոխությունը, որն ուժի մեջ է մտել փետրվարի 7-ից, վերաբերում է կոալիցիաների սկզբունքին․ «Նախկինում օրենքն արգելում էր 3-ից ավելի քաղաքական ուժերից բաղկացած կոալիցիաների ձևավորում․ այս սկզբունքը նոր փոփոխություններով հանվել է։ 9-օրյա ժամկետում կոալիցիա կազմելու իրավունքը տրվում է առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժին, և եթե այդ քաղաքական ուժն այդ ժամկետում չի կարողանում կոալիցիա կազմել, ապա դրանից հետո կոալիցիա ձևավորելու ժամանակ է տրվում մնացած քաղաքական ուժերին, ինչը միջազգային տերմինաբանության համաձայն՝ ընդունված է ասել փոքրամասնության կառավարություն։ Սրա վառ օրինակն էին Գյումրիի վերջին ընտրությունները, երբ առավել քիչ ձայներ ստացած ուժերը միավորվեցին՝ ձևավորելով քաղաքային կառավարություն, ինչն Ազգային ժողովի ընտրությունների պարագայում ևս հնարավոր է»։ 

ԿԸՀ նախագահը հավելեց, որ հաջորդ փոփոխությունը վերաբերում է լրացուցիչ մանդատների ինստիտուտին, որը նախկինում 54 տոկոս էր և հիմա իջեցվել է 52 տոկոսի։

«Այս լրացուցիչ մանդատները կարող են տրվել բացառապես այն քաղաքական ուժին, որը մանդատների մեծամասնություն կունենա։ Այսինքն, եթե որևէ քաղաքական ուժ չունենա մանդատների մեծամասնություն, լրացուցիչ մանդատների մասին այս դեպքում խոսք գնալ չի կարող, բայց եթե լինի իրավիճակ, երբ որևէ քաղաքական ուժ կունենա մանդատների մեծամասնություն, սակայն դա 52 տոկոսից պակաս կլինի, Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ տվյալ քաղաքական ուժին պետք է տրվեն լրացուցիչ մանդատներ՝ 52 տոկոսը լրացնելու նպատակով»,-մանրամասնեց Վահագն Հովակիմյանը։

ԿԸՀ նախագահը նաև պարզաբանեց, որ եթե քվեարկության արդյունքներով որևէ քաղաքական ուժ 2/3-ց ավելի ձայն ստանա, ապա դա նշանակում է, որ նրա մանդատները կմնան այնքան, որքան կան և լրացուցիչ մանդատներ չեն տրվի։

Հայաստանում ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսի 7-ին։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները