Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության հայտարարությանն այն մասին, որ այլ երկրում Հայաստանի քաղաքացիների, գործարարների վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի նրանք Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջակցություն ցուցաբերեն որոշ քաղաքական ուժերի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձավ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Փաշինյանը նախ նշեց, որ այդ հայտարարությանը նախ պետք է իրավական գնահատական տրվի։ «Իսկ քաղաքական առումով ես արդեն ասել եմ, որ կասկած չունեմ՝ եթե տեսականորեն այդպիսի վիճակ լինի, ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների մեծ մասը կքվեարկի մեր օգտին»,- նշեց Փաշինյանը։
Հարցին, թե ինչո՞ւ Արտաքին հետախուզական ծառայության հայտարարության մեջ հստակ չի նշվել, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը, վարչապետը պատասխանեց.
«Դա ինֆորմացիայի ծավալի և նպատակահարմարության հարց է։ Կարծում եմ՝ հետագայում ավելի մանրամասն պարզաբանումներ կլինեն՝ ըստ անհրաժեշտության»։
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը 2026 թվականի մարտի 10-ին հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ Ոստիկանությունը ԱՀԾ-ի հայտարարության հիման վրա հաղորդում էր ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե, որն էլ մարտի 11-ին հայտարարեց հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու մասին։