Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է հրավիրել: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Ս. Աղաջանյանը:
Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ րակարգում ««Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և դրանից բխող ևս 5 օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկումն էր: Այն ներկայացրել է արդարադատության նախարար Ս. Արզումանյանը:
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ՝ հնարավորություն կընձեռվի կուսակցությունների, հիմնադրամների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների կամ արհեստակցական միությունների լուծարման դեպքում դրամական միջոց չհանդիսացող այլ գույքը Արցախի Հանրապետության կառավարությանը սեփականության իրավունքով փոխանցելու, հնարավոր կլինի լուծել օրենքների կիրառման ընթացքում ի հայտ եկած պրակտիկ խնդիրներ, կհստակեցվի լիազոր մարմինը, կմշակվեն հաշվետվությունների ներկայացման գործուն մեխանիզմներ։
Հանձնաժողովը 4 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել փաթեթին:
«Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը ևս ներկայացրել է արդարադատության նախարարը:
Օրենքի նախագծով օրինական ուժի մեջ մտած դատական ակտն անձի կողմից չկատարելու դեպքում նրան պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ են նախատեսվում:
Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:
Հաջորդիվ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժ. Միրզոյանը ներկայացրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին հարցը: