Այսօր՝ մարտի 13-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ հայտնի «Ծովինար» ջրամբարում, շարունակվում են 3 օր առաջ, ըստ նախնական տեղեկությունների, նշված ջրամբարում խեղդամահ եղած կնոջ որոնողական աշխատանքները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN,com-ը՝ մարտի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության, նույն վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի ջրափրկարարները առավոտյան ժամը 09:00-ից շարունակում էին երեկ՝ մարտի 11-ից Հրազդան քաղաքի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Ծովինար» ջրամբարում ջրահեղձ եղած կնոջ՝ 72-ամյա Ամալյա Ս․ի մարմնի հայտնաբերման աշխատանքները։Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աշխատանքները տեղում ղեկավարում էին Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանը, Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Սիմոնյանը և ջրափրկարար Վահե Մելքոնյանը։
Փրկարարները մոտ 2 ժամ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնի ծառայողների հետ որոնողական աշխատանքների արդյունքում չէին հայտնաբերել քաղաքացու մարմինը, ինչից հետո որոնողական աշխատանքներին միացել էին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սևանից ժամանած Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատի ջրափրկարար Վահե Մելքոնյանը։Մոտ 2 ժամ ջրասուզակը նույնպես որոնողական աշխատանքներ էր կատարել, սակայն դին չէր հայտնաբերվել։Որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին՝ վաղը առավոտյան վերսկսելու համար։Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ որոնվողը Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Ամալյա Ս․-ն է և ջրամբարի ափին նրա գլխարկն է հայտնաբերվել։