Հարավային Կովկասում Հայաստանն աստիճանաբար վերածվում է ավելի ու ավելի կարևոր գործընկերոջ Եվրոպական միության համար։
Այս մասին հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ գործընկերության հիմքում ընդհանուր արժեքներ են՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և ազատ ու բարեկեցիկ ապագա կառուցելու նպատակը։«Հայաստանը շատ կարևոր գործընկեր է Եվրոպական միության համար, և արդարացի է նշել, որ մեր հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել։
Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել, որ քաղաքական երկխոսությունն ու բարեփոխումների ընթացքը զգալի առաջընթաց են ապրել: Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի ընդունումը վկայում է այս առաջընթացի մասին՝ բազմաթիվ ոլորտներում սահմանելով համագործակցության խորացման հավակնոտ առաջնահերթություններ»,-նշեց հանձնակատարը:
Նրա գնահատմամբ՝ այս ամենն արտացոլվում է նաև այն փաստով, որ Եվրոպական միությունն առանց վիզայի ճանապարհորդության համաձայնագրեր ունի ավելի քան 60 երկրների հետ, իսկ Հայաստանը ներկայում միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն վարում է վիզաների ազատականացման շուրջ ընթացիկ երկխոսություն:«Սա վկայում է Հայաստանի հետ մեր գործընկերությունն ամրապնդելու հարցում Եվրոպական միության վճռականության մասին»,-ընդգծեց Բրունները: