Հետևեք մեզ։

Աթանեսյանի հետ որևէ հարաբերություն չկա, միջադեպին մասնակից այլ փաստաբանների հետ նորմալ հարաբերություններ են․ Սիմոն Բաբայանը՝ նախկինում բռնության միջադեպին մասնակցելու մասին (տեսանյութ)

19:11, 26 հունիս 2023

Փաստաբաններն այսօր գործադուլ են հայտարարել՝ այդպիսով իրենց բողոքն ոստիկանական բաժանմուքններում փաստաբանների նկատմամբ իրականացվող բռնություններին։ Նրանք նաև այսօր փաստաբանների պալատից երթով շարժվեցին ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ օրեր առաջ բռնության էր ենթարկվել իրենց գործընկերը, և ոստիկանությանը սիմվոլիկ նվեր հանձնեցին՝ բռնցքամարտի ձեռնոցներ։

 

Hayastan.news-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ասաց, որ 90-ական թվականներից առ այսօր այդպիսի ճչացող դեպքեր տեղի չեն ունեցել, որ ոստիկանական բաժանմունքում բռնության ենթարկեն իր վստահորդին պաշտպանելու գնացած փաստաբանին։ Մենք նրան հիշեցրինք, որ 2017-ին մի միջադեպ եղավ փաստաբանների միջև, որի մի կողմում ինքն էր, և մամուլում գրվեց, որ ինքը բռնություն է գործադրել փաստաբան Տիգրան Աթանեսյանի նկատմամբ, բայց հիմա ինքը դատապարտում է փաստաբանների նկատմամբ բռնությունը։

 

Սիմոն Բաբայանն ասաց, որ այդ միջադեպն իր կողմից էլ շատ դատապարտելի միջադեպ էր, և ինքը չէր ցանկանա նմանատիպ միջադեպում հայտնվեր։ «Բայց այդ միջադեպը պատշաճ ընթացակարգով ընթացավ, մենք ընդհուպ դատարան հասանք, և հանգուցալուծվեց դատական կարգով։ Նաև կարգապահական վարույթների շրջանակում այս հարցը ևս քննության առարկա եղավ։ Այսինքն՝ պատշաճ իրավական գնահատականը տրվեց։ Քրեական գործ հարուցվեց, երկու կողմի գործողություններին էլ իրավական գնահատական տրվեց, մի մասով մենք ունեցանք հաշտության համաձայնություն, մի մասով քրեական գործը կարճվեց, այնուհետև բողոքարկվեց դատական կարգով և ստացավ իր վերջնական լուծումը»,-ասաց Սիմոն Բաբայանը։

 

Հարցին՝ ինքը այսօր որևէ հարաբերություն ունի՞ Տիգրան Աթանեսյանի հետ, Բաբայանն ասաց․ «Տիգրան Աթանեսյանի հետ որևէ հարաբերություն չկա, միջադեպին մասնակից այլ փաստաբաններ կան, նրանց հետ նորմալ հարաբերություններ են»։

«Միջադեպին մասնակից մեր գործընկերները մանսակցում են բողոքի ակցիային, պարոն Տիգրան Աթանեսյանի մասով տեղեկություն չունեմ»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ