ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Երևանում անցկացվող ենթատարածաշրջանային աշխատաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում առողջապահության ոլորտի աշխատողների կրթության բարելավմանը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառման նպատակն է քննարկել բուժքույրական և բժշկական կրթության զարգացմանն ու առողջապահական աշխատուժի կարգավորմանը վերաբերող հարցեր։
Ողջունելով ներկաներին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Առողջապահության նախարարության գործընկերներին՝ նշելով, որ նման հարթակներն ու քննարկումներն օգնում են աշխատանքը կատարել առավել արդյունավետ՝ առաջ շարժվելով միմյանցից սովորելու, փորձով փոխանակվելու և հետագա քայլերն ավելի լավ պլանավորելու ճանապարհով։
«Բժշկական կրթությունը մարդու կյանքի որակի հետ ուղիղ կապված գործընթաց է, հետևաբար, այս ուղղությամբ կրթության պլանավորումն անմիջականորեն ազդում է հասարակության կյանքի որակի վրա։ Կարծում եմ՝ հենց այս մեծ պատասխանատվությունն է համախմբել բոլորիս՝ քննարկելու բժշկական կրթության արդյունավետ կարգավորումները»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի գնահատմամբ՝ սա շարունակական գործընթաց է, որը հատկապես տեխնոլոգիական արագ զարգացումների պայմաններում պահանջում են մշտական ուշադրություն և հստակ ուղղվածություն։ Ժաննա Անդրեասյանը նաև ներկայացրել է բժշկագիտության և բժշկական կրթության ոլորտում իրականացվող աշխատանքները։
«Ամեն ինչ սկսվում է դեռևս դպրոցից։ Սա չափազանց կարևոր է, որովհետև հենց դպրոցական մակարդակում ենք փոխանցում առաջին գիտելիքները և ձևավորում այն վարքականոնը, որը մի կողմից համընդհանուր է, իսկ մյուս կողմից դառնում է նաև մասնագիտական կողմնորոշման կարևոր հիմք։ Այս առումով առանձնահատուկ կարևորում ենք դպրոցներում առողջ ապրելակերպի պարտադիր դասընթացի ներդրումը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշման պարտադիր բաղադրիչի ներառումը, որը երեխաներին օգնում է ավելի ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում բժշկական մասնագիտությունները շարունակում են մնալ ամենապահանջվածներից։