«Կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն ընդունված 1.2 տարեկան երեխայի վիճակում դրական տեղաշարժ կա, գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ես ամեն օր նրա առողջական վիճակի մասին հետաքրքրվում եմ: Ունենք դրական տեղաշարժ, բժիշկների հսկողության տակ է»,-ասաց նախարարը:
Մարտի 16-ին հայտնի էր դարձել, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1.2 տարեկան տղա երեխա։ Բժիշկներին հաջողվել էր վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, սակայն նրա վիճակը շարունակում էր մնալ ծանր:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է:
ՀՀ դատախազությունից հայտնել են, որ երեխան պարբերաբար բռնության է ենթարկվել իր հոր երկրորդ կնոջ կողմից, իսկ մարտի 15-ին կինը երեխայի նկատմամբ սպանության փորձ է իրականացրել։ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սպանության փորձ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու: