Հայաստանի տնտեսությունն այս պահին վնասներ է կրում Իրանում պատերազմի հետևանքով, մոտ ժամանակներում կոնֆլիկտն ավարտելու դեպքում վնասները կլինեն հնարավորինս քիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով ռիսկերի վերաբերյալ հարցին:
«Այս օրերին գնահատում ենք այդ ռիսկերը: Հույս ունենք, որ կարճաժամկետ կլինի: Եվ հույս ունենք, որ մեր ռազմավարական գործընկերն ու բարեկամ երկրները, որոնք հիմա հակամարտության մեջ են, կավարտեն իրենց հակամարտությունը: Եվ այդ պարագայում, մեր կարծիքով, վնասները կլինեն հնարավորինս քիչ: Վնասներ ակնհայտորեն հիմա էլ կան, մասնավորապես որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով: Նախ գնաճային որոշակի ռիսկեր ենք տեսնում: Երկրորդը՝ որոշ արտադրությունների կազմակերպման համար Հայաստանը նաև հումք է ստանում, որի դեպքում տեսնում ենք, որ նորից գնաճային այդպիսի ռիսկեր է հնարավոր է, որ առաջանան»,-ասաց Պապոյանը:
Հայաստանն Իրանի հետ ունի բավականին մեծ առևտրաշրջանառություն՝ ներմուծում, արտահանում: Նախարարի խոսքով՝ ստեղծված իրավիճակը Հայաստանի տնտեսության վրա երկարաժամկետ կտրվածքում միանշանակ դրական ազդեցություն չեն ունենա:
«Բայց, եթե հետևում ենք քաղաքական գործիչների՝ բարձր մակարդակով հայտարարություններին, կարծես թե հույս կա, որ մոտակա ժամանակներում կոնֆլիկտը կավարտվի: Եվ կարծում ենք, որ այդ պարագայում շատ մեծ բացասական սպասումներ չպետք է, որ ունենանք»,-նշեց նա: