Երևանի Կասյան փողոցը վերանվանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի անունով։ Այս մասին որոշման նախագիծը ներկայացրեց Երևանի ավագանու նիստում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը հիշեցրել է, որ Կասյանը կանգնած է եղել Հայաստանի առաջին հանրապետության ոչնչացման ակունքներում. «Հայաստանի առաջին հանրապետության տապալումից հետո Կասյանը կարճ ժամանակ ղեկավարել է Հայհեղկոմը՝ հիմք դնելով բռնաճնշումներին ու քաղաքական էլիտաների ոչնչացմանը»։
Անդրադառնալով Վազգեն Առաջինին՝ Ավինյանը հիշեցրել է նրա մասնակցությունը անկախության գործընթացին. «Վեհափառի շնորհիվ փրկվել և Մատենադարանին են հանձնվել բազմաթիվ ձեռագրեր, ավետարաններ ու արժեքավոր ձեռագրեր»։
Նշենք, որ Վազգեն Ա կաթողիկոսը արժանացել է Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը, ընդ որում՝ առաջինը։