Հետևեք մեզ։

Չգիտեմ այդ բառն ինչքանով է հասկանալի․ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանին ասել է՝ «տես, աչքդ ուտում ա՞», նա ասել է՝ այո․ Փաշինյանը՝ Լելե-Թեփեի օպերացիայի մասին

13:03, 27 հունիս 2023
Չգիտեմ այդ բառն ինչքանով է հասկանալի․ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանին ասել է՝ «տես, աչքդ ուտում ա՞», նա ասել է՝ այո․ Փաշինյանը՝ Լելե-Թեփեի օպերացիայի մասին

Շատ  շահարկվում է, որ Փաշինյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե Թեփեն, պետք է գնալ․․․ բացարձակ թեմա չի էլ եղել։ Այս մասին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել օպերացիայի իրագործմանը նախորդած դեպքերից մի հատված։


«Հոկտեմբերի 5-ին եղել եմ Ստեփանակերտում ու եղել եմ ՊԲ-ի հրամանատարական կետում, այդ ժամանակ արդեն տեղի էր ունեցել 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը։ Ես օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել ու վստահել եմ գրեթե անվերապահորեն։ Ինձ համար ընկալելի չի եղել, թե ինչպես կարող է, նախ այդ մարդիկ կրում են գեներալական ուսադիրներ, ինձ համար դա վստահության կանխավարկածի շատ մեծ ավանս է։ 


Ստեփանակերտից կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, խնդրել եմ պարոն Բաբայանին իր տեսլականը ներկայացնել, նա ասել է, որ տրամաբանություն կա մեջը, Գասպարյանն ասել է, որ կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան  ու ինքը գնահատի դրա իրագործելիությունը»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ թեև ինքը քաղաքական առումով չի արգելել դա անել, ռազմական առումով դա անել թե չանելը պետք է որոշեին ռազմական պաշտոնյաները։


«Ես արդեն Երևանում էի, Օնիկ Գասպարյանը ինձ ասաց, որ որոշում է կայացվել իրագործել այդ օպերացիան։ Հետագայում, այդ դրվագի մասին ես խոսել եմ, այդ նույն բառապաշարով, երբ երկուսով ենք եղել, ինձ է ներկայացրել։ Չգիտեմ այդ բառն ինչքանով է հասկանալի այլ մարզերի բնակիչներին, բայց Իջևանում այդպիսի արտահայտություն կա՝ «Աչքդ ուտում ա, թե չի ուտում», սա նշանակում է՝ «իրատեսական համարում ես, թե իրատեսական չես համարում»։ Նա Ջալալ Հարությունյանի առաջ խնդիր այդպես է դրել՝ «տես աչքդ ուտում ա, թե ոչ», որից հետո Հարությունյանը ասել է՝ այո»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ ամենևին փաստ չէ, որ դա չհիմնավորված և անիրատեսական մի բան էր։