Հետևեք մեզ։

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ, այն հիմնարար իրավունք է, որը չի կարող չեղարկվել. Արցախի ԱԺ հայտարարությունը

22:36, 23 մարտ 2026
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ, այն հիմնարար իրավունք է, որը չի կարող չեղարկվել. Արցախի ԱԺ հայտարարությունը

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները անընդունելի և դատապարտելի են համարում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցրած պառակտիչ արտահայտությունները՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերաբերյալ։ Պետության ղեկավարի մակարդակով նման բառապաշարի օգտագործումն անհամատեղելի է ազգային համերաշխության հռչակված սկզբունքների հետ: 

Այս մասին ասվում է Արցախի ԱԺ հայտարարությունում.

 

«Արցախցիներին միտումնավոր անվանարկելը ոչ միայն նվաստացուցիչ է, այլև իրականության կոպիտ խեղաթյուրում։ Խոսքը հազարավոր մարդկանց մասին է, ովքեր զրկվել են իրենց հայրենիքից՝ գոյաբանական սպառնալիքի պայմաններում և բռնի տեղահանման ճանապարհով։ Նրանց արժանապատվության հաշվին քաղաքական շահարկումը անթույլատրելի է։ Երբ պետության ղեկավարի պատասխանատվություն ստանձնած գործիչը սկսում է իր ժողովրդի իրավունքները ներկայացնել որպես «անիրատեսական» կամ «մոլորություն»՝  նա այլևս չի զբաղվում քաղաքականությամբ, նա զբաղված է սեփական անգործությունն ու ձախողումները արդարացնելով։ 

 

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սակարկման առարկա չէ։ Այն հիմնարար իրավունք է, որը չի կարող չեղարկվել որևէ պաշտոնյայի հայտարարությամբ կամ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: 

 

Ավելին, անընդունելի է այն հռետորաբանությունը, որով փորձ է արվում մեղադրանք ներկայացնել մեզ՝ արցախցիներիս, Հայաստանի Հանրապետության բյուջեից ցուցաբերված «աննախադեպ» չափերի աջակցության համար: Համազգային համերաշխությունը չի կարող ներկայացվել որպես «պարտք» կամ շահարկվել որպես ճնշման գործիք։ 

 

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել նման հայտարարությունների տարածումն ու տիրաժավորումը և ձեռնպահ մնալ հասարակությունը պառակտող հռետորաբանությունից։ Յուրաքանչյուր տեսակետ կամ արտահայտություն, հնչեցված պետական բարձր մակարդակում, անպայման թողնում է հետևանքներ, իսկ այդ հետևանքների պատասխանատվությունը պատմությունը շատ երկար է պահում:

 

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական Հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

23 մարտի, 2026թ․»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները